[ՄԱՍ II]
Պատրանքազերծումը՝ ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ
Պատրանքազերծումը ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ է ոչ թե այն պատճառով, որ ամբողջ հասարակությունը մի օր միաժամանակ կսթափվի և կսկսի նորովի մտածել։ Այդպիսի պատկերացումը ռոմանտիզմի շարքից է։ Ժամանակակից կոնֆիգուրացիայում, քանի դեռ դա միակ կենսունակ և տարածված եղանակն է, ազգային և քաղաքական կուրսը որոշողը ամենուր և մշտապես փոքրամասնությունն է՝ էլիտան, որն ունի իշխանության, մենեջմենթի, ռեսուրսների բաշխման և պատմական օրակարգ ձևակերպելու կարողություն։ Ուստի պատրանքազերծումը նախևառաջ պետք է վերաբերի հենց էլիտային՝ նրա աշխարհընկալմանը, կառավարման լեզվին, պատասխանատվության չափին և ժամանակը հասկանալու ունակությանը։
Հայաստանի խնդիրը այն չէ, որ հասարակությունը երկար տարիներ ապրել է պատրանքներով։ Խորքային մակարդակում պատրանքները վերարտադրվել են վերևից՝ քաղաքական, վարչական, մտավորական և մեդիա շրջանակների միջոցով։ Էլիտան, ձևավորված լինելով նախորդ աշխարհակարգի տրամաբանության մեջ, շարունակում է մտածել հին սխեմաներով, իսկ նոր իշխանությունը զուրկ է պետական մտածողությունից, ռազմավարական մտքից, ինքնուրույն չէ, ավելի ճշգրիտ՝ կամակատար է, դրածո։ Արդյունքում երկիրը ոչ թե վերափոխվում է, այլ պարբերաբար տեղափոխվում է մի ճգնաժամից մյուսը՝ առանց հիմքի վերակառուցման։
Պատրանքազերծումը այս համատեքստում նշանակում է՝ հրաժարվել այն կեղծ հավատից, թե ազգային փրկությունը կարող է ծնվել զանգվածային հուզականությունից, փողոցային էներգիայից կամ հերթական «ճիշտ» կարգախոսից։ Քաղաքականությունը կազմակերպված ռեսուրսի, կամքի, ցանցերի, ինստիտուտների և որոշում ընդունող ազդեցիկ խմբերի որակական կարողությունների համալիր գործիք է։ Եթե չկա նոր էլիտա՝ նոր լեզվով, նոր աշխարհընկալմամբ և իշխանություն վերցնելու իրական կարողությամբ, ապա հասարակական դժգոհությունը մնում է միայն ձայնային ֆոն, ոչ թե վերափոխման ուժ։
Փոքր երկրի համար սա առավել ճակատագրական է։ Ուժային կենտրոնների բախման պայմաններում սխալ կամ գիտակցված սխալ հաշվարկը ոչ թե պարզապես քաղաքական պարտություն է, այլ գոյաբանական ռիսկ։ Այս պայմաններում էլիտայի ճկունությունը, իրականության հետ սառը աշխատելու կարողությունը և կողմնորոշման ճշգրտությունը դառնում են ոչ թե տեսական առավելություն, այլ պետության գոյության պայման։
Ուստի ազգային վերափոխման առաջին փուլը ոչ թե համընդհանուր բարոյախոսությունն է, այլ էլիտայի փոփոխության, մաշված կառավարման լեզվի դուրսբերման և նոր որոշող փոքրամասնության ձևավորման հարցը։ Պատրանքազերծումը պետք է սկսվի այնտեղ, որտեղ ձևակերպվում է կուրսը։
Եթե զտենք այս պահին ռեսուրսների տիրապետող ազդեցիկ խմբերին՝ ըստ չարչրկված «ազգային» և «դավաճան» տիտղոսների, ապա մենք ունենք փաստացի երկու տեսակի էլիտա՝ 1) չգիտակցված կամ գիտակցված, բայց սխալը սխալի վրա շարունակող էլիտա, որի գործողությունները հանգեցրին Հայաստանը դեպի իր էքզիստենցիալ սպառնալիքի երախը հաստատուն քայլերով գիտակցաբար տանող խմբակի կողմից պետության կառավարման ռեսուրսների զավթմանը, 2) ռացիոնալության առումով խիստ թույլ, թուլակամ խմբակ, իսկ քայլերի տրամաբանության իմաստով՝ բացարձակ օտարի շահը սպասարկող խմբակ, որի գործողությունները անխափանորեն տանում են ոչ թե այս կամ այն ուժային կենտրոններից համապարփակ կախվածության, ինչպիսի անցումային կարգավիճակում են այլ բոլոր տարածաշրջանների բոլոր փոքր երկրները, այլ բառացիորեն սուբյեկտայնության վերացման։
Հանգուցալուծումը պայմանավորված է մեկ գործոնով՝ առաջին խմբի ճկունության և նեղ անձնային «աբիդաները» հաղթահարելու սկզբունքայնության հարցում վերաիմաստավորման կարողությամբ։
@albertich_notes