Էլիտան և աշխարհակարգի փոփոխման տրանսֆորմացիոն ժամանակաշրջանը
Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ սովետական կառավարման դպրոցից ծնված էլիտան դուրս չի մնացել քաղաքական-քաղաքացիական կյանքից։
Երկիրը չի կարող լիարժեք մտնել նոր պատմական ժամանակաշրջան, եթե այն շարունակաբար կառավարվում է հին աշխարհակարգի տրամաբանությամբ մտածող մարդկանց կողմից։
Տրանսֆորմացիոն ժամանակներում, աշխարհաքաղաքականության մակերեսին մնալու համար, պետության ղեկանիվ հանդիսացող էլիտան պետք է ճկուն լինի։
Աշխարհը չափազանց արագ է փոխվում, որպեսզի հնարավոր լինի ապրել հին սխեմաներով, նախկին ռեֆլեքսներով և իրականությանը հնացած կառուցվածքներով նայելու սովորությամբ։
Իշխանություն զավթած դրածոները չունեն լուծումներ, նրանք կառավարելի մարիոնետներ են։ Լուծումներ չունի նաև հին էլիտան։
Իշխանությունը երբեք ժողովրդինը չի եղել և չի լինելու։ Իշխանությունը միշտ և ամենուր առանձին շերտ է, առանձին համակարգ։
Եվ եթե դու չունես իշխանության հասնելու ռեսուրս կամ չես ցանկանում ռեսուրսներդ լիարժեք ներդնել դրան հասնելու համար, իսկ դրա փոխարեն ձախողումդ բարդում ես ժողովրդի վրա, ապա դա նշանակում է, որ ի վիճակի չես իրական քաղաքական գործունեության։ Իսկ այն ինչ անում ես՝ շոու է։
Այսօրվա հայկական իրականությունը կարելի է համեմատել մի շենքի հետ, որը հենց սկզբից կառուցվել է համակարգային սխալով։
Եթե հետո պարզվում է, որ այն սեյսմակայուն չէ, անիմաստ է անվերջ նորոգել առանձին հարկերը։
Կարելի է վերափոխել ճակատը, փոխել պատուհանները, կատարել կապիտալ վերանորոգում որոշ հատվածներում, բայց յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժից հետո այդ շենքը նորից ցնցվելու է և ճաքեր է տալու։
Որովհետև խնդիրը հարդարման մեջ չէ, այլ հիմքի։ Այդ պատճառով էլ ավելի տրամաբանական է ոչ թե անվերջ կարկատել հին կառուցվածքը, այլ կառուցել նորը՝ ամուր և սեյսմակայուն հիմքի վրա։
Հին հիմքի վրա կառուցված երկիրը շարունակելու է ապրել փլուզումը ժամանակավորապես հետաձգելու ռեժիմում՝ երկիրը պահելով անընդհատ ցնցման մեջ, որը խիստ բացասական հետևանքներ է ունենալու։
