🏛️Երևանի տարեգրությունը՝ ընդդեմ «բետոնե պատմագրության». ինչպես է Բաքվի վարչախումբը նենգափոխում պատմությունը (Մաս 1)
Վերջին շրջանում ադրբեջանական տեղեկատվական տիրույթում, մասնավորապես պատմաբան Ռիզվան Հուսեյնովի թեթև ձեռքով, կրկին լայն շրջանառության մեջ է դրվել մի թեզ, համաձայն որի՝ Երևանը չունի հնագույն պատմություն, իսկ Էրեբունի ամրոցն ու հայկական մշակութային հետքը «խորհրդային տարիներին ստեղծված բետոնե միֆեր են»։ Քաղաքական պատվերով աշխատող պատմագրությունը փորձում է Երևանի հիմնադրումը հասցնել բացառապես 16-րդ դարի սկիզբ՝ Ռևանգուլու խանի կողմից բերդի կառուցմանը, և ամբողջությամբ ջնջել դրանից առաջ գոյություն ունեցած բազմադարյան քաղաքակրթական շերտերը։ Այժմ կներկայացնեմ առանցքային կեղծիքներ իրենց կառուցած քարոզչությունից։
1️⃣🚩Ադրբեջանական կողմի առաջնային թեզն այն է, թե իբր քաղաքի պատմությունը սկսվում է 1504 թվականին, երբ Սեֆյան շահ Իսմայիլի հրամանով հիմնադրվեց Ռևան բերդը, իսկ հայերը քաղաքի հնությունը արհեստականորեն հասցրել են երեք հազարամյակի՝ 1984 թվականին Էրեբունիում բետոնե պատեր ու «անտիկ դամբարաններ» ձուլելով։ Այս պնդումը հեշտությամբ հերքվում է հնագիտական կոշտ փաստերով։ Արին բերդի պեղումները սկսվել են դեռևս 1950 թվականին՝ խորհրդային առաջատար հնագետ, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու գլխավորությամբ, ում անունը, հեգնաբար, ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել իր օգտին։ 1950-ականներին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ Արգիշտի Առաջին արքան հստակ նշում է Էրեբունիի հիմնադրման տարեթիվը՝ մ.թ.ա. 782 թվականը, անցել է միջազգային փորձաքննություն և ընդունված է համաշխարհային արևելագիտության կողմից։ Վերականգնողական աշխատանքները, որոնք բնականոն գործընթաց են ցանկացած հնագիտական վայրում, ներկայացնել որպես «բետոնե քաղաքի հիմնադրում», պարզունակ մանիպուլյացիա է, որը հաշվարկված է սեպագիր արձանագրությունների և բազալտե հիմքերի գոյությունը բացարձակապես չտեսնելու վրա։
2️⃣🚩Մյուս առանցքային կեղծիքը վերաբերում է Երևանի բերդի ժողովրդագրությանը և ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի վկայություններին։ Բաքվի քարոզիչները պնդում են, թե 1673 թվականին քաղաք այցելած Շարդենը արձանագրել է բացառապես «թյուրք-ղզլբաշների» գոյությունը, իսկ 19-րդ դարի ռուսական աղբյուրներն ու գեներալ Գուդովիչը այս հողերը որակել են որպես «ադրբեջանական»։ Իրականում, Ժան Շարդենի օրագրերն ու 17-18-րդ դարերի եվրոպական, օսմանյան ու պարսկական աղբյուրները բոլորովին այլ պատկեր են հաղորդում։ Շարդենը հստակ նշում է, որ Երևանի բերդը, լինելով Սեֆյան կայսրության ռազմական կայազոր և սահմանային ամրոց, բնակեցված էր պարսկական զորքով ու թյուրքալեզու ռազմականացված ցեղերով (այդ թվում՝ ղզլբաշներով), սակայն հենց բերդից դուրս գտնվող քաղաքային թաղամասերում, արվարձաններում և բուն առևտրատնտեսական կյանքում բացարձակ մեծամասնություն էին կազմում հայերը։ Ավելին, 1808 թվականին գեներալ Գուդովիչի պաշտոնական զեկուցագրերում և Ռուսական կայսրության արխիվային փաստաթղթերում օգտագործվում են «Էրիվանի խանություն» կամ «Ադրբեջան» տերմինները բացառապես աշխարհագրական կամ վարչական իմաստով (Ատրպատական նահանգի համատեքստում), և որևէ հիշատակում չկա էթնիկ «ադրբեջանական հողերի» մասին, քանի որ «ադրբեջանցի» էթնոնիմը որպես ինքնանվանում և վարչաքաղաքական տերմին ձևավորվել է միայն 20-րդ դարի սկզբին։ Խանության տարածքում հայ բնակչության դարավոր ներկայությունը փաստագրված է հարյուրավոր հայկական եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով, որոնք գոյություն ունեին նախքան 1504 թվականը։
Շարունակությունը հաջորդիվ։
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան