«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է իշխանությունների արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և անվտանգային սպառնալիքներին։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխող ուժը ոչ միայն առաջարկում է, այլև քայլերով իրականացնում է գերտերությունների հետ թշնամանալու քաղաքականություն․
«Վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ աշխարհի ցամաքի 1/6-րդը զբաղեցնող պետության հետ, առաջին հերթին տնտեսական առումով, որից կախված ես մոտ 90%-ով, դա սպառնալիք չի՞: Եթե վախենում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից, Ռուսաստանի հետ ինչի՞ չենք վախենում։ Տարբեր պրոպագանդայի արդյունքում հակառուսական տրամադրությունները Հայաստանում, այո՛, աճել են, և հիմա ստացվում է՝ ովքեր ռացիոնալ, շատ պարզ ճշմարտություններ են ասում, որ Հայաստանը ռեսուրս չունի թշնամանալու որևէ գերտերության, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի հետ, միանգամից պիտակավորում են պրոռուսական»,- փաստում է պատգամավորը։
Անդրադառնալով անվտանգային այլընտրանքների թեմային՝ Քրիստինե Վարդանյանը շեշտել է, որ այլ տարբերակ այս պահին սեղանին չկա, քան ՀԱՊԿ-ն է, նույնիսկ իր բոլոր խնդիրներով.
«Ով կգա ձեզ խաղաղություն կառաջարկի, մի հատ խնդրում եմ հարցրեք՝ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալի՞ք են, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ սպառնալիք են։ ՔՊ-ն սկսել է չասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են, փոխարենը սպառնալիք են փնտրում այլ տեղերում, ամենավատը՝ գտել են գերտերությունների մեջ»:
🎦զրույցն ամբողջությամբ