Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգման համակարգը առաջիկա 10 տարիների ընթացքում կներառի ոչ միայն հյուրանոցները, այլև գաստրոհյուրանոցները, հյուրատներն ու անգամ մոթելները․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի և Եվրոպայում ընդունված Hotelstars Union-ի միջև կնքվել է պայմանագիր։ Հյուրնկալության և գաստրոնոմիայի փորձագետ, Armhoreca մեդիա հարթակի հիմնադիր Գրիգորի Հակոբյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է , թե ինչպես են հյուրանոցները ստանալու աստղերը։ Հակոբյանի խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի տեղական հյուրանոցների դեպքում աստղային դասակարգումը միշտ չէ, որ արտացոլել է իրական որակը․
«Տեղական հյուրանոցները գնահատվել են միշտ սեփականատիրոջ ամբիցիաների կամ ցանկության հիման վրա, որը ընդհանրապես չի արտացոլում հյուրանոցի ունեցած փորձառությունը։ Կամ անուններ, որոնք համապատասխան չեն տվյալ շինությանը»,– ասում է փորձագետը։
Նրա խոսքով՝ միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը որ աստիճանի ծառայություն է իրականում մատուցում․ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բանով հյուրանոցը չի համապատասխանում, այն չի կարող ստանալ աստղ»։
Ինչ վերաբերում է «7 աստղ» որակավորմանը, մասնագետը նշում է՝ միջազգային պաշտոնական դասակարգման համակարգում «7 աստղ» հասկացություն գոյություն չունի. աստղային առավելագույն սանդղակը 5-ն է։ «7 աստղը» զուտ մարկետինգային քայլ է, որն օգտագործվում է ծայրահեղ շքեղությունն ու ահռելի ներդրումները ընդգծելու համար։
🎦զրույցն ամբողջությամբ
