«Օրեցօր «սմարթֆոնային» դարձող մեր հասարակությունը հեռանում է լուրջ արվեստից։ Դպրոցն անօգնական է ինտերնետի դեմ, ինչից ընկնում է նաև հանդիսատեսի որակը»։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ուրիշ նորությունների» զրույցում մի շարք մտագոհող հանգամանքներ է թվարկում.
«Պետական համակարգում այս կարգի ոչ կոմպետենտ միջամտություն երբեք չի եղել։ Սկսվեց գեղարվեստական ղեկավարների աննկատ գլխատման պրոցեսով, շարունակվեց տարածքները վարձով տալու, գումար աշխատելու, կաֆեներ բացելու հրահանգներով։ Թատրոնները օր օրի էս ճանապարհով կվերածվեն կոմբինատների»։
Վաստակավոր ռեժիսորը ուրախությամբ հայտնում է՝ վերջապես իր վաղեմի երազանքը կյանքի կոչվեց՝ իր թատրոնը հիմնեց։ Պատմում է՝ Պարոնյան թատրոնից հեռացել է լուռ, անձայն, առանց սկանդալի... բայց ափսոսանքի զգացումը, որ ժամանակին չի հիմնել իր թատրոնը, ապրել է միշտ։ Նորաստեղծ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը մասնավոր է, ինչն ապահովում է ստեղծագործական ազատություն.
«Ազդագրի տակ ստորագրված է՝ «Գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան»։ Սա սկզբունքային է․ ստեղծագործական կազմակերպությունը առանց ստեղծագործական ղեկավարի չի կարող աշխատել»։
Նոր թատրոնի առաջին ներկայացումը Ալեքսանդր Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» բեմադրությունն է։ Առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, Հայաստանի թատերական գործիչների միության բեմում (Մաշտոցի 13)։
🎦զրույցն ամբողջությամբ
