Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել են օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը:
«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»,- ասում է Վարսենիկ Ավանյանը։
Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է․
«Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», - ասում է երաժիշտն ու հավելում․ «Երբ Կոմիտասը մշակել ու տարածել է ֆոլկլորը, չի տարածել, որ այդպես մնա, այլ որ շարունակվի սերունդները զարգացնեն։ Մեր պապերը մեզ ժառանգություն են թողել, բա մենք մեր թոռներին ի՞նչ պիտի թողնենք», - նշում է Հայրապետյանը։
📍Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք» ջազ քառյակը, իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի:
🎦 զրույցն ամբողջությամբ

