Գարեգին Նժդեհը Մայիսի 28-ի մասին 🇦🇲
«Մայի՜ս 28-ը:
Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»:
Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ:
Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ:
Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում»: