Սարգիսի հայտարարությունը ևս մեկ անգամ խառնեց հասարակության տարբեր շերտերի մեջ գոյություն ունեցող նստվածքը։
Սարգիսին անգամ դատապարտեցին նրանք, ովքեր անգամ ընտանիք կառուցելուց են թերացել, բայց հանկարծ դարձել են բարոյախրատիչ փիլիսոփաներ։
Սա ընդամենը ևս մեկ փաստ է, որ Հայաստանում բախում է տեղի ունենում գոյություն ունեցող երկու խավի միջև՝ սովետական մնացուկների և քյառթու լիբերալների։
Երբ դեռ նոր-նոր էի դուրս գալիս սովետական մնացուկի կարգավիճակից, ճեմարանական տարիներին Սուրբ Գրքին զուգահեռ կարդում էի երկու գիրք՝ Դեկամերոն ու Կորուսյալ դրախտ։
Դեկամերոն-ը ծնվում է սև ժանտախտի ֆոնին՝ իրական մահվան, քաոսի և ստի վրա կառուցված հասարակարգի փլուզման պայմաններում։ Մարդիկ մեռնում էին զանգվածաբար, ինստիտուտները չէին գործում, եկեղեցին կորցրել էր իր հեղինակությունը։ Էդ պայմաններում Բոկաչչոն չի փորձում կառուցել իդեալական աշխարհ, այլ արձանագրում է իրականը՝ մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա՝ առանց Աստծո գերիշխանությունը իր սրտի մեջ ընդունելու։
Կորուսյալ դրախտ-ը, հակառակը, կառուցվում է ոչ թե պատմական ճգնաժամի, այլ կատարյալ ձևակերպման արժանի կարգի վրա, որը սկսվում է երկնքից՝ Աստծո իշխանությունից և բացարձակ ճշմարտությունից, ճիշտ էն ժամանակ, երբ արդեն լայն մասսաների մեջ կասկածի տակ էր դրված բացարձակ ճշմարտության գոյությունը։
Էստեղ քաոսը ոչ թե արտաքին է, այլ բարոյական՝ ծնված Աստծո դեմ ապստամբությունից։
Բոկաչչոյի մոտ բարոյականությունը երկրային էր և հարաբերական, որը ծնվում էր մարդկանց փոխհարաբերություններից, իրավիճակներից, խելքից, երբեմն՝ խորամանկությունից։ Դեկամերոն-ում չկա բարոյական քարոզ՝ վերևից ներքև։ Չի խոսվում, թե ինչպես պետք է ապրել, բայց ցույց է տրվում, թե ինչպես են ապրում՝ Աստծուց կտրված մարդիկ։
Միլթոնի մոտ բարոյականությունը բացարձակ է և վերից եկող, որը սահմանված է Աստծո կողմից և ենթակա չէ քննարկման։ Մեղքը ձևակերպված է ոչ թե որպես մարդկային թուլություն, այլ ճիշտ այնպես, ինչպես ձևակերպված է Սուրբ Գրքում՝ ապստամբություն Աստծո սահմանած կարգի դեմ։
Ազատ կամքը վտանգավոր է, եթե այն դուրս է Աստծո վերահսկողությունից։
Դեկամերոն-ի ամենաուժեղ կողմերից մեկը կեղծ բարոյախոսության մերկացումն է։ Բոկաչչոն ճշգրիտ նկարագրում է կաթոլիկ հոգևորականությանը՝ ցույց տալով, որ նրանք հաճախ ավելի անբարո են, քան հասարակ մարդիկ, որոնց դատում են։ Էստեղ արդարացիորեն բարոյախրատիչները հենց իրենք են դառնում ծաղրի առարկա։
Կորուսյալ դրախտ-ում նման քննադատություն գրեթե չկա։ Էստեղ բարոյախոսությունը վերացական է և համընդհանուր։ Բայց Միլթոնը, ընդգծելով աստվածային կարգի կատարելությունը, ստեղծում է թվացյալ գրավիչ Սատանա՝ մտածող, վիճարկող, խորամանկ, խաբուսիկ, հպարտ, ինքնագով, վայրագ, դավաճան, խաբեբա, մարդասպան, բռնակալ իշխող։ Ես կավելացնեի նաև՝ գրագող և հարց տվող։
Իչնը ծնում է երկիմաստություն եւ հարց՝ արդյոք մեղքը միշտ էնքան պարզ է, որքան ներկայացվում է։
Բոկաչչոյի մարդու համար քաոսը արտաքին է։ Մահը շրջապատում է, բայց մարդը շարունակում է սիրել, ծիծաղել, խաբել եւ ապրել։ Սա Աստծուց կտրված կյանքի թվացյալ հաղթանակն է ստի վրա կառուցված սրբության նկատմամբ։ Դեկամերոն-ը ճշմարտությունից ընկած մարդու պատասխանն է մահվան համաճարակին։
Միլթոնի մարդու համար քաոսը ներքին է։ Ադամի և Եվայի անկումը ցույց է տալիս, որ մարդու իրական վտանգը ոչ թե արտաքին աշխարհն է, այլ ինքնուրույն որոշում կայացնելու ցանկությունը, երբ այն հակադրվում է Աստծո սահմանած կարգին։
Էս երկու պատմությունները մերօրյա կեղծ բարեպաշտներին լավագույնս մերկացնող են, հատկապես էն ծաղրածուներին, ովքեր չունեն ոչ հոգևոր կրթություն, ոչ փորձառություն, ոչ զոհաբերությամբ ապացուցած առաքինություն, բայց քրիստոնեական մեջբերումներ են անում՝ կարծելով, թե դրա իրավունքը իրենք ավելի ունեն, քան թութու լավաներ։ Իրականում սրանի նույնն են, քանի որ չունեն երեք անհրաժեշտ կարգավիճակներ։
Առավել վտանգավոր է դառնում էն իրավիճակը, երբ հասարակության մեջ ի հայտ են գալիս նման մարդիկ կամ խմբեր, որոնք աչք են փակում իրական անբարոյականության վրա, բայց բարձրաձայնում են միայն ընտրովի թեմաներ։ Սրանք ավելի մոտ են Բոկաչչոյի ծաղրած կերպարներին, քան Միլթոնի իդեալին։
Դեկամերոն-ը հիշեցնում է, որ բարոյականությունը չի կարող կառուցվել անգամ փոքրիկ ստի վրա։
Կորուսյալ դրախտ-ը հիշեցնում է, որ առանց Աստվածային կարգի ազատությունը կործանարար է դառնում։ Եւ որ այդ կարգի սահմանումը մարդը չէ որ տալիս է, այլ բացառապես Սուրբ Գիրքը:
Եթե Բոկաչչոն ասում էր՝ նայեք մարդկանց՝ առանց դիմակի։
February 1, 2026 14.9K 1