Արցախցիների իրավունքների պաշտպանությունը Հայ Դատի համակարգի առաջնահերթություններից է
Վերջին շաբաթներին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից ընդհանրապես Սփյուռքը և հատկապես Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը թիրախավորելն ակամա խոստովանություն է, որ այդ համակարգը գործում է արդյունավետ, և նրա օրակարգն արժանանում է միջազգային հանրության ուշադրությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը, նորբոլշևիկյան ոճով, մեկ կողմից պնդում է, թե ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պաշտպանելու առաքելություն ունի, միևնույն ժամանակ պահանջում է, որ ամբողջ աշխարհասփյուռ ազգը հետևի իր քաղաքական ուղեգծին։
Խեղաթյուրումները դադարեցնելու հավելյալ ջանքերով՝ արձանագրենք Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգի առաջնահերթությունները.
Ա) Արցախի և արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանություն՝ իր բոլոր դրսևորումներով՝ Ադրբեջանի հանցագործությունների պատժից մինչև վերադարձի իրավունք և ինքնորոշում։
Բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանն աջակցություն։
Գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցումներ։