«Քանդվում է Երևանի սիմվոլներից մեկը` Փոստատան շենքը, և ոչ ոք չգիտի, թե ինչ է կառուցվելու. նախագիծը չի հաստատվել, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տեղի չի ունեցել, հանրային քննարկում չի անցել և այլն։ Այս քաղաքում բոլորը հիշում են միայն Երիտասարդական պալատի պատմությունը, իսկ այն ինչ հենց հիմա է տեղի ունենում, ոչ ոք չի նկատում»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը բնորոշում է այսօրվա իրավիճակը՝ քաղաքաշինական կարևոր որոշումները Երևանի քաղաքապետի կողմից կայացվում են միանձնյա, քաղաքը չունի գլխավոր ճարտարապետ, իսկ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը, որի անդամներին ռոտացիոն կարգով նշանակում է քաղաքապետը, ձևական բնույթ է կրում։ Խորհրդի անդամները իրենք էլ ակտիվ կառուցապատողներ են, ինչը, Պետրոսյանի գնահատմամբ, արդեն իսկ վկայում է, որ այդ մարմինը չի կարող անաչառ լինել։
Ճարտարապետը խոսել է նաև շինհրապարակների սխալ կազմակերպման ու դրանից ծագող բնապահպանական խնդիրների մասին․ նորմերը խախտած շինարարական կազմակերպությունների նկատմամբ կիրառված տուգանքի չափը մասնագետը «ծիծաղելի թիվ» է համարում՝ հավելելով, որ դրա նպատակը ոչ թե իրավիճակը շտկելն է, այլ հանրության մոտ պայքարի տպավորություն ստեղծելը։
«Տարիներ առաջ սահմանափակում մտցվեց, որ քաղաքի կենտրոն կամ որոշակի փողոցներ խոշոր մեքենաներ չեն կարող մուտք գործել։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ. խոշոր մեքենաները գալիս են, ուղղակի 5000 դրամ տուգանք են վճարում։ Եթե դու Երևանի կենտրոնում շինթույլտվություն ես տալիս, այդ շինանյութը հո փոքր մեքենաներո՞վ չեն բերելու։ Նշանակում է՝ մեծ տեխնիկա է գալու․․․ Նույնը կարող ենք պաշտպանիչ ցանցերի, շինհրապարակները ջրելու մասին ասել և մնացած բոլոր կարգավորումների»։
🎦 զրույցն ամբողջությամբ


