Իսրայելի հովիվներին
1. Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։ 3. Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում.
4. Տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։
5. Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։
6. Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։
7. Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները.
8. Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”։
9. Դրա համար էլ լսե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները։