⁉️ Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ
❓ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝
• մայրության նպաստ,
• երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
• ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,
• նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
❓ ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:
Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։
Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։
❓ ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
❓ ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝
• խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
• խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
• խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։
Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
❓ ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։
Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
❓ ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։
Աջակցության չափը՝
• ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,
• երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/housing-programs