Բարին ընդ ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում Աստուծո օրհնությամբ լցված օր։
Սիրով ձեզ եմ ներկայացնում Սուրբ Հովհան Ոսկեբերանի մեկնությունը։ Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված խոսքերը, խորը հոգևոր խորհուրդներ են պարունակում։
Սուրբ Պողոս Առաքյալը գրում է.
Ա Տմթ. 2:1: "Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար..."
Եկեղեցիներում միշտ արվում են այդ աղոթքները, բայց արդյո՞ք Եկեղեցուց դուրս մենք հետևում ենք այս խոսքին։
Խնդրեմ, կարդացեք մեկնությունը։
"Այսպիսով, թող մեր յուրաքանչյուր աղոթք իր մեջ գոհություն պարունակի: Եթե մեզ պատվիրված է աղոթել մերձավորների համար ոչ միայն հավատացյալների, այլև անհավատների, ապա մտածիր, թե որքան մեծ չարիք է եղբայրներին անիծելը: Ի՞նչ ես ասում դու. Նա պատվիրում է քեզ աղոթել թշնամիների համար, իսկ դու մի՞թե պիտի անիծես եղբորդ: Դու ոչ թե նրան ես անիծում, այլ ինքդ քեզ, որովհետև Աստծո բարկությունն ես հրավիրում քեզ վրա՝ արտասանելով այս անմաքուր խոսքերը. «այդպես ցույց տուր նրան, այդպես արա նրան, զարկիր նրան, հատուցիր նրան»: Քրիստոսի աշակերտները՝ հեզերն ու խոնարհները, պետք է խուսափեն այսպիսի խոսքերից: Թող այն բերանից, որն արժանացել է [հաղորդվել] նման խորհրդի, դառնություն դուրս չգա. թող այն լեզուն, որ հաղորդակից է եղել Տիրոջ մարմնին, տհաճ ոչ մի բան չարտասանի: Եկեք պահենք այն(լեզուն) մաքրության մեջ և դրանով չանիծենք:
Եթե վիրավորողները չեն ժառանգելու Արքայությունը, ապա առավել ևս՝ նրանք, ովքեր անիծում են, որովհետև ով անիծում է, նա անպայման նաև վիիավորում է։ Իսկ հայհոյանքն ու աղոթքը հեռու են միմյանցից, հետևաբար՝ աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա է [անեծքից], քանի որ դատապարտումն ու աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա են միմյանցից։ Դու աղոթում ես Աստծուն, որ Նա ողորմած լինի քո հանդեպ, և [միևնույն ժամանակ] անիծում ես մեկ ուրիշին։ Եթե դու չես ներում, ապա քեզ էլ չի ներվելու. իսկ դու ոչ միայն ինքդ չես ներում, այլև խնդրում ես Աստծուց, որ Նա՞ էլ չների։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի չարության ես հասել։ Եթե չի ներվում նրան, ով ինքը չի ներում, ապա ինչպե՞ս կարող է ներվել նրան, ով Տիրոջից խնդրում է, որ Նա էլ չների։ Դու ոչ թե նրան (քո մերձավորին) ես վնասում, այլ ինքդ քեզ։ Ինչպե՞ս. Այնպես, որ եթե անգամ այն աղոթքը, որ դու մատուցում ես ինքդ քեզ համար, կարող էր լսելի լինել, ապա այժմ այն երբեք լսելի չի լինի, որովհետև դու այն մատուցում ես պիղծ շուրթերով։ Իսկապես, այդպիսի շուրթերը պիղծ են ու անմաքուր, լի ամեն տեսակ գարշահոտությամբ ու ամեն տեսակ պղծությամբ։ Դու պետք է դողայիր քո մեղքերի համար և բոլոր ջանքերը գործադրեիր [դրանց համար թողություն ստանալու], իսկ դու գալիս ես Աստծո մոտ այն նպատակով, որ Նրան գրգռես եղբորդ դեմ(ինչն անհնար է)։ Մի՞թե չես վախենում, մի՞թե չես մտածում ինքդ քո մասին։ Մի՞թե չես տեսնում, թե ինչ ես անում։
...Չէ՞ որ երբ դու Աստծո արդարադատությունն ես կանչում քո մերձավորի վրա, դրանով իսկ ծանրացնում ես քո մեղքերը և թույլ չես տալիս Նրան՝ ներելու նաև քեզ քո մեղքերի համար: Եթե ուզում ես, կասի Նա(Աստված), որ Ես խիստ քննողը լինեմ քո դեմ կատարված հանցանքների, ապա ինչպե՞ս ես ողորմություն խնդրում Իմ դեմ գործած քո մեղքերի համար: Սովորենք, ուրեմն, վերջապես քրիստոնյա լինել: Եթե մենք չգիտենք աղոթել, ինչը [համեմատաբար] ավելի հեշտ է, ապա մնացածն ինչպե՞ս կիմանանք: Սովորենք աղոթել որպես քրիստոնյաներ: Հեթանոսներին են հատուկ նման աղոթքները, հրեաներին են վայել այդ տեսակ աղաչանքները(անեծքներն ու Աստծուց պատիժ խնդրելը): Իսկ քրիստոնյայի աղոթքներն դրանց հակառակ են. [դրանցում հարկ է] խնդրել ներում և մոռացում այն ամենի, ինչով [ուրիշները] մեղանչել են մեր դեմ": Ա Կրնթ. 4:12-13: "։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք, վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։"
(Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված առաջին թղթի մեկնությունից)