Այն, որ դաշտանային արյունահոսությունը համարվել է պղծության եւ անմաքրության նշան, ունի իր կենցաղային պատճառը։ Չունենալով մեր ժամանկների հիգիենիկ միջոցները` այդ դարերում արյունահոսությունը գրեթե անհնար է եղել թաքցնել եւ խուսափել տեսողահոտառական ազդեցություններից։ Իսկապես անմաքուր մի բան է եղել, ինչի համար եւ գերադասելի է եղել, որ կինը այդ օրերին տանից դուրս չգա։ Մեր օրերում այդ խնդիրը գրեթե չունենք, ավելին` բժշկությունն ապացուցել է, որ այդ ամսական արյունահոսությունը կնոջ օրգանիզմի առողջ կենսագործունեության նշան է։
Եթե այս ամենին գումարենք Տեր Հիսուսի հաստատած Նոր Ուխտի ազատագրումը օրենքից եւ այն, որ Աստծո մաքրածը մարդը այլեւս պիղծ չպետք է համարի (Գործք. 10:15), ապա իսկապես հարց է առաջանում ինչո՞ւ պետք է Հաղորդությունը արգելվի։ Մանավանդ որ Ավետարանը մեզ պատմում է, թե ինչպես 12 տարի արյունահոսող կինը մեծ հավատքով հպվեց Հիսուսին եւ հրաշքով բժշկվեց (Մր. 5.25-34, Մտ 9.20-22, Ղկ 8.43-48): «Պիղծը»` Անենասուրբ Աստծու քղանցքին հպվեց։ Իսկ ի՞նչ է Հաղորդությունը, եթե ոչ հպում Քրիստոսին։
Մարդիկ կան հավատքով եւ աղոթքով 40-50 օր պահք են պահել, որպեսզի Սուրբ Հարության երանելի Պատարագին մասնակցեն եւ հաղորդվեն։ Արդյո՞ք մարմնական կանոնավոր վերարտադրությունը հոգեւոր խոչընդոտ է, չեմ կարող ասել։ Ոմանք կարող են ասել, որ իր տեսակով փորձություն է մարդու առջեւ որպեսզի 1 շաբաթ էլ համբերի... Գուցե...
Դրա համար ես կնոջ խղճին կթողնեմ համապատասխան օրերին Սուրբ Մարմնին մոտենալը կամ իրեն հեռու պահելը։ Նույնն է պատասխանս նաեւ Ավետարանը կամ օծված խաչը համբուրելու հարցում։
Իսկ ամսականի օրերին եկեղեցի գնալու արգելքը, կարծեմ, մեծ ծայրահեղություն է, բացառությամբ, եթե այս եւ մյուս հանգամանքները մարդուն թելադրի իր խոստովանահայրը կամ տվյալ եկեղեցու հոգեւորականը։
Ինչպես Պողոս Առաքյալն էր սիրում ասել. «Այս ասում եմ թույլ տալով եւ ոչ թե հրաման տալով» (Ա Կորնթ. 7:6)։
Աղբյուր՝
#սարկավակագիրք🤍