Վերջապես ակումբներից մեկը օրակարգ բերեց այս հարցը 😳
Երեկ Նոան տարածեց հայտարարություն, որտեղ իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի առաջնության կազմակերպման վերաբերյալ երկու ուղղություններով՝ տիտղոսային հովանավոր չունենալու և հեռարձակման որակի/պաշտոնական հեռարձակող չունենալու մասով։
Տարիներ շարունակ էս հարցը ոչ մի ակումբի լուրջ չի հետաքրքրել։ Կլնի՝ լավ, չի ըլնի՝ չի ըլնի 😁
Օբյեկտիվ իրականությունն այն է, որ՝
🔹 Հայաստանում տեղական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ չէ, որպեսզի բիզնեսի ու հեռուստաընկերությունների կողմից լինի բնական հետաքրքրություն՝ գումար վճարելու առաջնության հովանավոր կամ հեռարձակող դառնալու համար։ Բացի լիգայից, թիմերը ևս չունեն օրգանիկ տիտղոսային հովանավորներ, բացառությամբ Ուրարտուի։ Ինչ որ տեսնում եք իրենց մարզաշապիկներին, ակումբի սեփականատերերի բիզնեսներն են՝ զուտ դատարկ չմնալու համար։
🔹 Միակ ոլորտը, որին առաջնության վրա գումար ծախսելը կարող էր լինել հետաքրքիր, բուքմեյքերական ընկերություններն են, որոնց գովազդը Հայաստանում 100 տոկոսով արգելված է։ Շատ երկրներում, հատկապես մեր նման, սպորտում բուքմեյքերների գովազդը թույլատրվում է /նույն օրինակ Վրաստանում/, ու էդտեղից շատ լուրջ գումար է գնում ֆուտբոլ։ Իմ գնահատականով, եթե Հայաստանում թույլատրվի միայն սպորտում բուքմեյքերների գովազդ, ապա տարեկան մինչև 5 մլն դոլար գումար կարող է գալ սպորտ, որից 3-ը՝ ֆուտբոլ, ինչը բավարար կլինի թե առաջնությունը լավ կազմակերպելու, թե հեռարձակումը որակով անելու համար, և թե ակումբներին գումար կհասնի, + իրենք էլ կունենան իրենց հովանավորները էլի բուքմեյքերներից։
Բայց դա չկա, ու իրավիճակն իրոք փակուղային է։
Իսկ ո՞վ է խոսում դրա մասին՝ գրեթե ոչ ոք։ Ի՞նչ է մտածում ՀՖՖ-ն էս հարցի շուրջ տարիներ շարունակ՝ էլի պարզ չէ։ Ի՞նչ աշխատանք է տարվում էս ուղղություններով, ինչպես փաթեթավորել առաջնությունը, որ հետաքրքիր դառնա բիզնեսներին որպես գովազդային հարթակ, ու նման հազար հարց։ Էս ամենի մասին երբեք հանրային դիսկուրս չի եղել, որովհետև դրա շահառու ամենակարևոր կողմերից մեկին՝ ակումբներին մեծ հաշվով մեկ է եղել։ Ու վերջապես հայտնվեց Նոան, որ էս հարցը բարձրացնում է։
Ակումբները վերջին տարիիներին մի քանի անգամ մեծացրել են իրենց ներդրումները։ Եթե 5 տարի առաջ բոլոր ակումբները իրար հետ տարեկան ծախսում էին մոտ 10 մլն դոլար, էսօր ծախսում են 30 մլն դոլար։ Եվ այդ ներդրումները իրենց հերթին բարձրացնում են որպես պրոդուկտ Հայաստանի առաջնության արժեքը։ Բայց այդ արժեքը ցույց տալու համար անհրաժեշտ է լավ փաթեթավորում, ու միանգամայն լեգիտիմ է պահանջել ֆեդերացիայից զբաղվել այդ հարցով։
Իսկ ՀՖՖ գործող ղեկավարության համար, ինչպես վերջին լայվի ժամանակ նշեցի, Հայաստանի առաջնությունը միշտ խորթ երեխայի նման է եղել, որի նկատմամբ երբեք լուրջ ուշադրություն չի եղել, ընդամենը հոգացել են, որ սոված չմնա, ու վերջ։ Միակ կազմակերպչական լուրջ հարցը VAR-ն է եղել, որ լուծվել է, էն էլ առանց որակյալ հեռարձակման, մեկ է, չի աշխատելու։