Չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը։ Բիշքեկում հանդիպումն անցավ հարաբերական կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվեցին քննարկումները շարունակել նաև Մոսկվայում։ Միևնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում դեռ բազմաթիվ բաց հարցեր կան։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ Հայաստանը ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ և ինչպես է դա համատեղելու արտաքին քաղաքական մյուս ուղղությունների հետ։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։
Հայաստանի իշխանությունները հաճախ են հայտարարում, որ երկիրը պետք է ունենա տարբեր գործընկերներ և այլընտրանքներ։ Սա հասկանալի մոտեցում է։ Սակայն այսօր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են, իսկ մյուս ուղղություններով դեռևս լիարժեք փոխարինող հնարավորություններ չեն ձևավորվել։ Արդյունքում՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու փորձը որոշ դեպքերում բերում է հակառակ արդյունքի՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ անհավասարակշռության։
Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Արևմուտքի հետ հարաբերություններին։ Առավել ևս դրանք չպետք է դիտարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Բիշքեկի հանդիպումը կարևոր էր։ Այժմ հարցն այն է, թե Բիշքեկում սկսված խոսակցությունը ինչ շարունակություն կունենա Մոսկվայում, և արդյոք կողմերին կհաջողվի հարաբերություններում առկա խնդիրների շուրջ գտնել գործնական լուծումներ։
🎦 զրույցն ամբողջությամբ
