«Հայաստանում քաղաքացին ինքնակամ շինություն օրինականացնելու համար ավելի քան 1 տարի ժամանակ ունի, բայց դրա համար պետք է ավելի քան 125 000 դոլար (50 մլն դրամ) գումար վճարի»։
Sputnik Արմենիայի «Դե Յուրե» հաղորդաշարի այս թողարկմանը Legitimus իրավաբանական ընկերության
փաստաբաններ Մարիետտա Միրիբյանն ու Արմեն Թևանյանը մեկնաբանել են ինքնակամ կառույցների օրինականացման օրենքի խստացումը․ նրանց կարծիքով՝ խստացումը կիրառվում է որպես զսպող մեխանիզմ, որպեսզի ինքնակամ կառույցներն այլևս չօրինականացվեն կամ նորերը չկառուցվեն։
«Անձը պետք է վճարի տվյալ պահին գործող շինթույլտվության համար նախատեսված գումարի եռապատիկը։ Հաշվարկը հետևյալն է. «Տեղական տուրքերի մասին» օրենքը, եթե չեմ սխալվում, սահմանում է 1 քմ–ի համար 30 000 դրամ, գումարած տվյալ գոտու գործակիցը։ Այսինքն՝ շինության մակերեսը բազմապատկվում է այդ X գումարով, դրան ավելանում է նաև շինության կադաստրային արժեքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, բայց ոչ պակաս 50 միլիոն դրամից։ Այսինքն, ստացվում է՝ մարդը պետք է այս բոլոր վճարումները կատարի, որպեսզի կարողանա իր շինությունը օրինականացնել»։
Փաստաբանները չեն բացառում՝ գումարը չափազանց մեծ է, և այդ պատճառով շատ քաղաքացիներ այսօր չեն կարողանում օրինականացնել իրենց ինքնակամները, չնայած օրենքը նման հնարավորություն ընձեռում է։ Փաստաբան Մարիետտա Միրիբյանը հիշեցնում է՝ այս բարդեցված ընթացակարգը վերաբերում է 2021–ից հետո կառուցված շինություններին, և դրանց օրինականացման ժամկետը մինչև 2027-ի դեկտեմբերի 30-ն է։
🎦զրույցն ամբողջությամբ

